Ի՞նչ կարող ես սովորել

Հարյուրամյա պատմություն ու մշակույթ ունեցող այս ժողովրդից՝ լավատեսությունից, խիզախությունից և համառ կամքից բացի կարելի է սովորել նաև խոհանոցային գաղտնիքներ:

 

  • Ժինգյալով հացը մոտ 20 տեսակի  կանաչիներով պատրաստաված  տափակ բլիթ է. այս ուտեստը չես  հանդիպի Հայաստանի այլ մարզերի խոհանոցում: Ժինգյալով հացի պատրաստումը մի ամբողջ ծիսակարգ է, որն իր մեջ կրում է  պատրաստման աշխատանքների մեջ  հարազատներին միավորելու և վերջիններիս` ևս մեկ անգամ կրկին հանդիպելու, զրուցելու, նորություններ փոխանակելու ու ջերմ մթնոլորտում միմյանց կարոտն առնելու խորհուրդը:
    Պատրաստման ամբողջ գոծընթացն իրակնացվում է տարեց, փորձառու կանանց կողմից, ովքեր փոխանցում են պատրաստման սեփական գաղտնիքներն իրենց աղջիկներին ու հարսներին: Բարակ շերտով բացված խմորը լցոնում են  գրեթե 20 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով: Թխում են սաջ կոչվող  տաքացված ջեռոցում մի քանի րոպե: 
                                        
  • Ոչ պակաս հայտնի ճաշատեսակ է նաև Հայկական խորովածը, որ պատրաստվում է խոզի, ոչխարի կամ հորթի մսից և  համեմվում  սոխով, աղով, կարմիր ու սև պղպեղով, որից հետո խորովում են կրակի վրա: Հայկական խորովածը սովորաբար մատուցվում է արդեն խորոված սմբուկով, լոլիկով, բիբարով ու կանաչիով պատրաստված աղցանով:
  • Խաշն ամենից ավանդական կերակրատեսակներից է, որ պատրաստվում է տավարի տոտիկներից: Պատրաստում է տան տղամարդը`եփելով այն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան բուրավետ արգանակը մատուցվում է սխտորով, չորացրած լավաշով ու քացախով:
  • Մեկ այլ ավանդական կերակրատեսակ է Կուրկութը( հատիկավոր), որի հիասքանչ  համը մնում է բերանումդ: Կուրկութ պատրաստելու համար անհրաժեշտ է թրջել ցորենի հատիկները, աղալ և ամբողջ գիշեր եփել խոզի, սագի կամ հնդկահավի մսով: 
  • Արցախում մեծ վայելում ունեցող դոլման սեզոնային կերակուր է: Ամառային դոլման պատրաստում են լցոնած սմբուկը, լոլիկը, բիբարը արգանակի մեջ շոգեխաշելով, իսկ ձմեռային դոլման պատրաստելիս  աղացած միսը փաթաթում են կաղամբի տերևներով կամ թփով: Պահպանելով ավանդույթը` դոլման մատուցում են մածունով և սխտորով: 
  • Մեկ այլ կերակրատեսակ է խաշլաման, որը հիմնականում  պատրաստում են  տավարի կամ ոչխարի մսից` ավելացնելով լոլիկ, պղպեղ, սոխ և գազար: Որոշ տնային տնտեսուհիներ հաճելի համ հաղորդելու համար ավելացնում են սալոր, ինչպես նաև կարմիր գինի կամ գարեջուր: 
  • Արցախի խոհանոցը հարուստ է նաև բանջարեղենային ուտեստներով ու աղցաններով: Անհնար է հատկապես չհամտեսել թրթնջուկ, փիփերթ, որոնք նախ և առաջ մի քանի րոպեով գցում են եռացող ջրի մեջ, որից հետո դրանցից պատրաստում են ապուր կամ տարբեր աղցաններ, կամ ուտում սոխի կամ հավկիթի հետ: 
  • Արցախյան խոհանոցի մեկ այլ հետաքրքիր բաղադրիչ է թոնրահաց կոչվող հացի հատուկ տեսակը: Բարակ տափակ հաց է, որ պատրաստվում է կավե գլանաձև վառարաններում (թոնիր): Թոնրահաց պատրաստելը աշխատատար ծիսական գործընթաց է. այն պատրաստում են միայն Արցախում:  Արցախում հայտնի  հացի մեկ այլ տեսակ է  լավաշը, որ հայկական ավանդական հացն է: 
  • Արցախը հայտնի է իր հոյակապ գինիներով  (կարմիր, սպիտակ, քաղցր և չոր ),  որ պատրաստում են խինդողնի և մուսկատ տեսակի խաղողից: Մեծ վայելում ունեն նաև հատապտուղներից պատրաստված գինիները, ինչպես օրինակ սև հաղարջի ու  նռան գինին և այլն:  Արցախի թթի օղին (50-70 աստճան)  անփոխարինելի է, հատկապես, երբ տանն ունեք  հյուրեր: